Hovnani Logo

Աղոթքներ

Շնորհակալության եռօրյա ջերմեռանդություն

Ինչո՞ւ համար կատարել եռօրյան…


Քույրս, եղբայրս, այսօր, որ Մարիամ Տիրամոր միջնորդությամբ և Երանելի Իգնատիոս Մալոյանի Բարեխոսությամբ Աստծուց ընդունեցիր քո խնդրանքը, պարտավոր ու պարտական ես հայտնել սրտաբուխ ու խորին շնորհակալություն։

-Դու գիտեցիր, որ դրան պարտավոր ու պարտական ես սրտովդ ու երախտագիտությամբդ։

Քեզ օգտակար լինելու և դիտավորությունդ հեշտացնելու համար քեզ եմ հրամցնում այս շնորհակալության եռօրյա ջերմեռանդությունը։ Ի վերջո, ես էլ եմ երախտապարտ Իգնատիոս Մալոյանին, որ լսեց աղոթքդ և կատարեց խնդրանքդ…

Նաև իմացի՛ր և այս ճշմարտությունը, որ շնորհակալությունն ու երախտագիտությունն այն բարեմասնություններն են, որոնք ազնիվ և նրբանկատ հոգու արժանիքներն են…

Այո՛, շնորհակալությունն ու երախտագիտությունն աստվածային ու մարդկային առաքինություններ են, որոնց գործադրումը պահանջեց բոլոր ժամանակների և բոլոր մարդկանց Վարդապետն ու Դաստիարակը՝ Հիսուս Քրիստոսը։

-Աստվածային, որովհետև Հիսուս Քրիստոս՝ Աստված և Մարդ, բազմիցս շնորհակալություն հայտնեց իր երկնավոր Հորը։

-Մարդկային, որովհետև Հիսուս Քրիստոս՝ Աստված և Մարդ, պետք եղած դեպքում այս բժշկյալից սպասեց երախտագիտություն։

Որեմն այս մտքերով ու տրամադրությամբ կատարիր շնորհակալության եռօրյա ջերմեռանդությունը և ապահով եղիր, որ Տերը երբեք չպիտի թույլ տա, որ դու Իրենից ավելի վեհանձն, նրբանկատ և առատաձեռն լինես…

                                                        Առաջին օր

                                                     Հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու։ Ամեն։

Օրհներգս

Աստվա՛ծ իմ, օրհնում և փառաբանում եմ Քեզ, որովհետև Դու ես անհուն Բարությունը, անսահման Ողորմությունը և հավերժական Սերը։

Իմ սրտաբուխ շնորհակալությունն եմ հայտնում Քեզ, որ Դու կատարեցիր իննօրյայիս դիտավորությունը։

Փրկի՛չ իմ, չնայած շատ լավ գիտեմ, որ ես բնավ արժանի չեմ այս պարգևիդ, սակայն Քո բարեգութ, ողորմած և սիրով տրոփող Սիրտդ լսեց իմ տկար, բայց վստահությամբ լեցուն աղոթքս։

Օրհնութո՛ւն և շնորհակալությո՛ւն Ասվածային Սրտին, որին նվիրում եմ սերս՝ իր շնորհքով և հովհանու ներքո ապրելու համար։ Ամեն։

Սիրերգս

Աստվածամա՛յր, նաև Քեզ եմ հայտնում իմ որդիական շնորհակալությունը, քանի որ Դու միջնորդեցիր իննօրյա աղոթքներիս կատարմանը։ 

Անհունորեն երախտապարտ եմ Քեզ։

Հաստատ գիտեմ, որ Դու ամենահզոր Մայրն ես։ Այսօր մեկ անգամ ևս փաստեցիր այս ճշմարտությունը։

Գիտե՛ս, Մարիա՛մ, Քեզ բոլորից շատ եմ սիրում, թեև սերս անկատար է դեռևս։ Ինձ արժանի դարձրու Որդուդ՝ Հիսուսի սիրով Քեզ սիրելու։ Չէ՞ որ ես էլ եմ Քո զավակը… Ամեն։

Գովերգս

Ո՛վ Երանելի Իգնատիոս, հազար շնորհակալություն քեզ, որ դու ցանկացար բարեխոսել ինձ համար։

Ապացուցեցի՛ր, որ քո բարեխոսությունը զորավոր է Աստծո մոտ, քանի որ դու կարողացար կատարել իննօրյայիս դիտավորությունը։

Ջերմ խնդրանքս է, որ դու լինես իմ բարեխոսը և մնաս ինձ համար օրինակ։

Աղաչում եմ, շարունակիր օգնել ինձ, որ կարողանամ ապրել աստվածահաճո կյանքով և այսպես արժանի լինեմ՝ շահելու արքայությունը։ Ամեն։

Տերունական աղոթք (Հայր մեր) 

Հրեշտակային աղոթք

Փառատրական աղոթք

                                                      Երկրորդ օր

                                             Հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու։ Ամեն։

Օրհներգս

Աստված իմ, շնորհակալ եմ Քեզանից, որ մեր ազգին նիրեցիր մի նոր սուրբ՝ Երանելի Իգնատիոս Մալոյանին։ Նա գիտեր և կարողացավ ապրել ու մեռնել Քո փառքի և հոգիների փրկության համար։

Աստվածային Փրկիչ  իմ, Քեզանից սրտանց շնորհակալ եմ նաև, որ ընդունեցիր իննօրյայիս աղոթքները՝ կատարելով խնդրանքս։ Իմ խաչված Տեր, մեր ազգից ընտրիր սրբակենցաղ և առաքինի անձինք՝ թե՛ աշխարհական և թե՛ հոգևորական, որոնց  միջոցով ապրենք քո ներկայությամբ ու խոսքով, որի համար նախապես ուզում եմ Քեզ շնորհակալ լինել։

-Եթե դրանցից մեկը ես լինեի, այսօր ու հավետ Քեզ իմ սրտագին շնորհակալությունը, ո՛վ Տեր։ Ամեն։

Սիրերգս

Սիրամա՛յր, Եկեղեցու աստվածադի՛ր Մայր, Քեզ եմ հայտնում որդիական երախտագիտությունս, որ շարունակ սրբեր ու վկաներ է հատուցանում Աստվածային Որդուդ Եկեղեցուց։

Մարիա՛մ, քահանաների անփոխարինելի Մայրն ես։ Շնորհակալ եմ Քեզնից, որ ընտրեցիր Երանելի Իգնատիոսին և իրեն տվեցիր սիրո ու հավատքի քաջություն՝ հավատարիմ մնալու և նահատակվելու։

Մարիա՛մ, Սիրամա՛յր, Դու իմ անզուգական Մայրն ես։ Շնորհակալությանս ավելացնում եմ նաև սիրաբախ սրտիս տրոփյունը, որ ինձ արժանացնես՝ դառնալու վկան իմ ազգի և հավատքի։ Ամեն։

Գովերգս

Ո՛վ Երանելի Իգնատիոս, լսեցիր աղոթքս, որի համար երախտապարտ եմ քեզ։ Դու գիտես շնորհակալությանս սահմանը, որն անսահման է և գիտես հարգանքս միայն խոսք կամ գիր չլինի, այլ նաև դառնա ու մնա գործ, ապրում և վկայություն։ 

Այո՛, այս մաղթանքն իրականացնելու համար քո մշտական օգնության կարիքն ունեմ և լիահույս եմ, որ այն ինձ չես խնայի։ Ամեն։

Տերունական աղոթք (Հայր մեր) 

Հրեշտակային աղոթք

Փառատրական աղոթք

Մեր Մասին

Հովնանի-ի առաքելությունն է տարածել Հիսուս Քրիստոսի սերը, շնորհը և ուսմունքները բոլոր նրանց, ովքեր ձգտում են դրան: Անկախ նրանից, թե դուք փորձառու հավատացյալ եք, հետաքրքրասեր փնտրող կամ մեկը, ով ուսումնասիրում է իր հավատքի ուղին, Մենք ջերմորեն ողջունում ենք ձեզ այստեղ: